Հայկական մասունքներ և ոչ մի հայ` հայկական գյուղում
«Վանքը հին հայկական գյուղ է, մինչև թուրքերի այստեղ ապրելը շատ հայեր են ապրել մեր գյուղում, բայց հիմա ոչ մի հայ չկա, սակայն ամեն տարի շատ հայեր են գալիս մեր գյուղ, նրանք այստեղ ունեն ծանոթներ»,- հայկական անուն ունեցող Վանք գյուղում (Թուրքերն անվանում են Վենք-Լ. Խ.) մեզ հանդիպած երիտասարդներից պատմեց Շադիան: Երբ «Առաջին լրատվական»–ը թուրք երիտասարդներ Դարիայից, Իրանից և Շադիայից հետաքրքրվեց, թե ինչ գիտեն հայերի մասին, Շադիան պատասխանեց. «Մենք շատ ենք սիրում հայերին, նրանք կարծես մեր ընտանիքների մի մասը լինեն, հատկապես նրանք, ում հանդիպել ենք»:
Վանքը Մալաթիային մոտ գտնվող գյուղ է, մեզ ասացին, որ գյուղում 22 ընտանիք է ապրում, 150 բնակիչ ունի: Վանքում է գտնվում Մալաթիայի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը, որին, ինչպես Մալաթիայի հայերի միության ղեկավար Սերդար Բոյաջին ասաց, թուրքերը Ջարջիս են անվանում: Եկեղեցուց միայն ավերակներ են մնացել, իսկ ներսում թուրքական դասագրքեր էին, եկեղեցու տարածքը թուրք երեխաների համար խաղահրապարակ է ծառայում, մի խումբ երեխաներ այստեղ էին եկել Time for English դասագրքերով:
Հայկական այս հետքն էլ, ինչպես Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցին, վերանորոգման անվան տակ կկորցնի իր հայկականությունը։ Ս. Բոյաջին «Առաջին լրատվական»–ին ասաց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վերանորոգումից հետո կդառնա թանգարան կամ մշակութային կենտրոն: Վանքի կողքին մի փոքր մատուռ կար, որը, ինչպես պարզվեց, քրդերի աղոթատեղի է:
Մեր հեռանալու ժամը համընկավ թուրքական նամազի հետ, բարձունքին գտնվող հայկական վանքի տարածքը ստիպված եղանք լքել թուրքական ելևէջների ներքո` անիրականանալի երազանքով, որ մի օր այստեղ ենք գալու պատարագի մասնակցելու` ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակով:
Լուսինե Խաչատրյան
Մալաթիա
http://www.1in.am/arm/regional_turkey_85367.html
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 802
Կիսվել : |